Կաքավաբերդ

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։
Կաքավաբերդը (9-13-րդ դդ.) գտնվում է Խոսրովի արգելոցում: Այն հայտնի է նաև Գեղի բերդ անունով: Գեղի (Քեղի) միջնադարյան բերդ-դղյակը գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Մազազ գավառում` Ազատ գետի աջ ափին։ Առաջին անգամ հիշատակում է Հովհաննես Դրասխանակերտցին (9-10-րդ դդ.)` որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։ 11-րդ դարում անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում նրան տիրել են Պռոշյանները։ Դրասխանակերտցին հաղորդում է, որ 924 թվականին Գեղիի վրա է հարձակվել արաբ զորավար Բեշիրը և պարտվել Գևորգ Մարզպետունուց։ Այդ մասին հիշատակում է նաև Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Գեղին վերջին անգամ հիշատակվում է 1224-ին, երբ Գառնու մոտ մարտում պարտված Իվանե Զաքարյանը պատսպարվել է այնտեղ։ Ամրոցն այժմ կանգուն է, լավ պահպանված։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որը երեք կողմից անմատչելի է։ Դեպի հյուսիս-արևելք ձգվում են պարիսպները, որոնք ունեն 2-2,5 մ հաստություն, 8-10 մ բարձրություն և աշտարակներ։ Բացի աշտարակներից և պարիսպներից` բերդում պահպանվել է նաև միջնադարյան եկեղեցի, որի շրջակայքում եղել է կենդանիների (ցլերի) և թռչունների պատկերներով հինգ մեծ վիշապների հուշարձան: Պահպանվել են նաև այլ շենքերի ավերակներ։ Նույնանուն բերդ եղել է նաև Սյունիքում, այժմյան Գեղի գյուղի տեղում: